К основному контенту

Избранные

Ներկրված թշնամի

Ստորև ներկայացված են մինչ օրս հայերենում ակտիվորեն գործածվող թուրքական ծագում ունեցող բառեր, որոնցից մի քանիսը պարզ պատճառով չեն հրապարակվել: Հալալ- թույլատրելի Քյոմուր- կեղտոտ Տախտակ Գյոռբագյոռ- գերեզմանի մեջ շուռ գալ Դոշ- կրծքավանդակ Բաղ- այգի Բաղչա- այգի Շուխուր- կռիվ Քյաֆթառ- ծեր Չոբան-հովիվ Չիբան- գոյացություն մաշկի վրա Խիյար- վարունգ Արաղ- օղի Չանգյալ- պատառաքաղ Ամա~ն- բացականչություն Վախտ- որևէ ժամանակ Սըհաթ- ժամ Դորջար, դուլջար Յորղան- վերմակ Քյար- օգուտ Թոփալ- կաղ Քյոռ- կույր Քյառ- խուլ Փայ- բաժին Քյոռփա- երեխա Գյադա- վատ վարքագծով տղա Ջադու- ծեր կին Բոխչա- ոչխար Դարդ- տխուր լուր Ջահանդամ- դժոխք Հարամ- մեղք Պանդիր- պանիր Չանախ- կոնք Խորոզ- հոտի ավագ այծ Ջեյրան- եղնիկ Ախմախ- հիմար Թարախ- թարախային գոյացություն Յոլա- մի կերպ ապրել Յալլա- գնացինք (գնալ) Հելա- այնտեղ է Շիշ- շամփուր Հալ- վիճակ Խալ Գյորմամիշ- ագահ Զադ (հարամ զադա) Խանչալ- սուր Ղայիշ- գոտի Յափնջի Փալաս- էժանագին խալի Խալի- թանկարժեք խալի Խալիչա- պատին կախելու խա...

Ալբերտ Յավուրյան. «Լույսը կյանքի հիմնական շարժիչ ուժն է»



2007 թ.-ի այս օրը` նոյեմբերի 3-ին է մահացել հայտնի կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը


Ամենավառ պատկերները



Մի անգամ Աղասի Այվազյանը հետաքրքիր բան ասաց. «Եթե ինձ հնարավորություն տրվեր նորից ապրել, կուզեի մանկության մեջ լինել»: Բայց իմ մանկության տարիները Երկրորդ համաշխարհայինի տարիներ էին, իսկ Լենինականում կյանքը ծանր ու դաժան էր: Սահմանամերձ քաղաք: Անընդհատ սպասում էին, որ Թուրքիան կհարձակվի Սովետական Միության վրա: Ամեն մարդ իրավունք չուներ Լենինական մտնել, լրտես էին ման գալիս: Տղամարդիկ ռազմաճակատում էին: Կանայք փորձում էին ոչ միայն իրենց ձագուկներին անվնաս, կուշտ պահել, տաքացնել, այլեւ կրթել, լուսավորել: Մենք ապրում էինք մի շատ գեղեցիկ տնակում, որ հայտնի Գեղամովի մենատունն է եղել: Հորս հորեղբայրները հայտնի լուսանկարիչներ էին, որոնք Ալեքսանդրապոլում տաղավար են ունեցել: Նրանք գովազդել են մթության մեջ նկարելու իրենց վարպետությունն ու հայտնի դարձել: Փաստորեն ինչ-որ բաներ արդեն ինձ բնությունից էր տրված:


Հանդիպում կինոյի հետ


Առաջին անգամ (հիմա շատ վառ եմ հիշում այդ դրվագները) կինոյի հետ հանդիպել եմ պատերազմից առաջ: Մեր տան մոտ շքեղ կառույց կար, որի մոտ նկարահանումներ էին: Կինոխցիկ… ռեժիսոր… Ես, իհարկե, ոչ մի բան չգիտեի, բայց լավ հիշում եմ, որ ինչ-որ մարդիկ դույլերով ջուր էին լցնում սև տուֆի վրա, ավելով մաքրում էին, և այդ սև տուֆը շատ գեղեցկանում, ավելի խորհրդավոր էր դառնում: Հետո պարզվեց, որ Ստեփան Կևորկովը «Լեռնային քայլերգն» է նկարահանում: Հետագայում գնում էինք Լենինականի միակ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոն: Այն ժամանակ սովետական ֆիլմերից բացի, ցուցադրում էին նաև անգլիական ֆիլմեր: Ալեքսանդր Կորդայի «Բաղդադի գողը», «Ջունգլին» մեզ տանում էին հեքիաթային, գունավոր աշխարհ:


Բարև, ես եմ


«Հայֆիլմից» հեռագիր ստացա: Հրավիրում էին նկարել «Բարև, ես եմ» ֆիլմը: Այդ օրը կնոջս հետ գնացինք ընթրելու: Ռեստորանում նույնիսկ Եվգենի Եվտուշենկոյին տեսանք. անկյունում նստած օղի էր խմում, նրան հալածել էր Խրուշչովը, և նա, կարծես, փախել էր Մոսկվայից: Եկա «Բարև, ես եմ» ֆիլմը նկարելու՝ ռուսական բնաշխարհի, հյուսիսային լուսավորության գաղտնիքներն արդեն լավ իմանալով: Հայաստանի լուսային, զրնգուն, դաժան շոգն ու կոնտրաստն ինձ համար դեռևս խորթ էին: Իսկ քանի որ ֆիլմի 70 տոկոսը նկարահանվում էր Ռուսաստանում, շատ հանգիստ կարողացա «տակից դուրս գալ»: Եվ հիմա, երբ ուշադիր նայենք այդ ֆիլմը, շատ բան կհայտնաբերենք օպերատորական մոռացված արվեստից: Այն հայկական միակ լիամետրաժ ֆիլմն էր, որը Կաննի փառատոն ներկայացվեց որպես մրցութային ժապավեն:


Հայ կինոյի դժբախտությունը


Հիմա շատ եմ հրապուրված 30-ականների կինեմատոգրաֆով, և մի բան եմ պարզել. «Պեպոն» միջազգային կինոյում բացառիկ երևույթ է, նմանը աշխարհում չկա… Բայց Բեկնազարյանի ժամանակներից շատ էր անցել: «Հայֆիլմի» արտադրական կարողությունները, մասնագետների ունակությունները ինձ կամաց-կամաց հեռացրին պրոֆեսիոնալիզմից, որովհետեւ այստեղ միայն արհեստավորի հնարքներ էին պետք: Էս չկա, էն չկա, էնտեղ լուսավորողը քնել է, դիրեկտորը տեխնիկա չի բերել: Այսինքն՝ իմ կենսագրության մեջ սկսվեց պայքար արտադրության դեմ: Նկատում էի, որ դեգրադացվում եմ…


Չնայած «Մենավոր ընկուզենու» ժամանակ էլ հետաքրքիր բաներ կարողացա անել: Ֆրունզեն այդ ֆիլմում նաև դերասան էր, կադրում էր, և արտադրական ու ստեղծագործական շատ խնդիրեր ես էի լուծում: Այդուամենայնիվ, մտածում էի «Հայֆիլմից» հեռանալու, օպերատորական արվեստից հրաժարվելու մասին… Չկարողացա, որովհետեւ պահպանողական եմ…


Հայ կինոյի դժբախտությունը նաև դրամատուրգիայի բացարձակ բացակայությունն էր: Բոլորը սովետական առօրյայի մասին էին գրում: Ֆրունզն էր մի քիչ դիմադրում, Մալյանն էր կարողանում այստեղից-այնտեղից ինչ-որ բան գտնել: Հիմա, եթե ֆիզիկական վիճակս մի քիչ լավ լիներ կշարունակեի աշխատել, բայց Հայաստանից դուրս: Մինչև անցյալ տարի հրավերներ էի ստանում Թուրքիայից, Հունաստանից, Իսպանիայից: Ստիպված մերժում էի: Այնպես որ, ինչպես աննկատ սկսվեց իմ կարիերան, այնպես էլ շատ աննկատ և բնական ավարտվեց:


Ինձ լավ չեն ճանաչում


Ովքեր իմ անունը կապում են Փարաջանովի հետ՝ ոչ միայն իմ, այլև հայ կինոյի անցած ուղին չգիտեն: Չէ՞ որ Փարաջանովի հետ աշխատել եմ ընդամենը մեկ ու կես ֆիլմում, ավարտել՝ մեկը: Պարզապես նրա հետ բավական երկար եմ ապրել: Այդպիսին էին կինոարտադրության օրենքները: Չէի ուզում աշխատել Սերգեյի հետ, որովհետև գիտեի, որ բարդ է լինելու, բայց նա համոզելու կախարդանք ուներ: Պատմում էին, թե որքան դժվար է եղել Սուրեն Շահբազյանի համար «Նռան գույնը» նկարելիս: Սերգեյը ֆիլմի նկարահանման ընթացքում կուժն ու կուլան միշտ ջարդում էր օպերատորի գլխին, բայց միակ զավակի անունը դրեց Սուրեն՝ ի պատիվ Շահբազյանի:


Հիմա է Փարաջանովը հանճար: Այն ժամանակ նա պարզապես հետաքրքիր ռեժիսոր էր, բայց հետաքրքիր ռեժիսորներ Սովետում շատ կային: Հիմա է, որ ամեն ինչ ամփոփելով գիտենք. Սերգեյը հանճարեղ ռեժիսոր է: Ինձ համար հաճելի էր նրա հետ աշխատելը: Իմ մեջ սկսված դեգրադացիան կտրուկ կանգ առավ: Ի վերջո, դա միայն տաժանակիր աշխատանք չէր, նաեւ վայելք էր: Նա այն աճպարարն էր, որ կարողանում էր մարդկանց, առարկաները, կենդանիներին աներևակայելի փոփոխությունների ենթարկել:


Կինը և դանակը


Կնոջս նկարահանման հրապարակում եմ գտել, երբ Կիևում նկարում էինք «…» ֆիլմը: Արդեն քառասուն տարի կինս է: Նա է իմ ամենամտերիմ ընկերը: Կենցաղում բարդ մարդ եմ, սովորությունների գերի: Ուզում եմ, որ անպայման իմ դանակը դրված լինի ինձ մոտ: Իսկ կինս ասում է. «Դանակը դանակ է, ի՞նչ նշանակություն ունի»: Ինձ համար մեծ նշանակություն ունի: Ամեն դեպքում նա այդ ամենը հանդուրժում է: Աշխատանքս փաստորեն քոչվորի աշխատանք է եղել: Մինչեւ 93 թվականը, ծննդյանս գրեթե բոլոր տարեդարձները նշել եմ նկարահանման հրապարակներում: Վերջին տասը տարին է, որ վայելում եմ ընտանիքիս անդորրը, և հիմա եմ կարողանում կարգին ու շիտակ գնահատել կնոջս: Գուցե շատ բաներ պիտի տեսնեի՝ չեմ տեսել, պիտի գնահատեի՝ չեմ գնահատել:


Մեջքիս՝ Սերգեյի ձեռքը


«Աշուղ Ղարիբում» այնքան բան կարելի է տեսնել, որ Սերգեյը այդտեղ ոչ մի կապ չունի, դրանք զուտ օպերատորական հնարքներ են: Սցենարում Ղարիբին աղջիկ չեն տալիս: Նրա հետևում պայմանական տնակ է: Պատուհանների վրա Սերգեյը գեղեցիկ խճանկարներ էր ստեղծել: Հասկացա, որ կարելի է ամեն ինչ մթնեցնել, մռայլ սարքել, և այդ գեղեցիկ խճանկարները կերևան: Երբ հերոսին հագցնում էին, լուսավորողները կամաց հանգցրին լույսերը, և ստացա այդ մռայլ, սև պատկերը: Սերգեյը այդպիսի հնարքների հաճախ էր դիմում, օրինակ` սպիտակ ուղտը սև էր դառնում, պատերը մթնում էին…


Մենք պետք է ոչ միայն «Աշուղ Ղարիբը» նկարեինք, այլև Լերմոնտովի «Դևը»: Էդ գոմէշները, էդ կովկասյան լեռները, այդ կողմերի աստվածային լույսը: Արդեն շատ հետաքրքիր լուծումներ ու գեղեցիկ գույներ էինք գտել: Բայց «Աշուղ Ղարիբը» ստեղծելիս Սերգեյն այնքան ոգևորվեց, որ «Դևի» մասին մոռացավ: Երբ Վենետիկում ցուցադրում էին «Աշուղ Ղարիբը», մենք օթյակում էինք նստած. Սերգեյը՝ մի քիչ առաջ, ես՝ մի քիչ հետ: Հասկանում էի, որ նա է կարևոր: Վերջում բոլորը հոտնկայս ողջունում էին մեզ: Մի պահ ծափահարությունները թուլացան, ապա կրկին ուժեղացան: Ուզեցի հետ գնալ, բայց մեջքիս Սերգեյի ձեռքն էր, ասաց. «Հետ չգնաս, սա քեզ համար է»:


Աստվածային լույսը


Մինչեւ հիմա ինչո՞ւ է Ջոկոնդայի ժպիտը առեղծված: Որովհետեւ Դա Վինչին ոչ միայն վարպետ էր, այլև լույսը գնահատելու շատ սուր և աստվածային աչք ուներ: Այդ նկարում այնպիսի լույս է, որով Ջոկոնդան ստանում է աստվածային ժպիտ, և դա այն միակ վիճակն է, որը մարդուն առանձնացնում է կենդանական աշխարհից: Այդ գաղտնիքների շնորհիվ է, որ արվեստագետը կարողանում է աստվածայինը հայտնաբերելով դառնալ հանճար: Իմ շատ պրոֆեսիոնալ վարպետներից միայն Մոսկվինն էր, որ կարողանում էր լույսն ընկալել: Նա հիշեցնում է Ռեմբրանդտին, որը լույսի հանդեպ առանձնակի գուրգուրանք ուներ…


Վրաստանում լույսն ուրիշ է, հիշեք Վրուբելի՝ Լերմոնտովի «Դևի» պատկերազարդումները: Բիտովն իր պատմվածքներում փառաբանում է Վրաստանի լույսը: Ես տեսել էի արևելքի լույսը, բայց չէի ընկալել: Տեսեք՝ Սարյանի գույները որքան զրնգուն ու վառ են, բայց նրա կողքին ունենք Հակոբ Հակոբյան, որի կտավներում բացարձակ գույն չկա: Սա ընկալման խնդիր է: Լույսի շատ ու քիչ լինելն ինձ համար միմիայն գույնով է պայմանավորված: Այսինքն՝ ինչքան շատ լույս, այնքան պարզ և մաքուր գույն: Արևելքի լույսն այդ մանրուքների մեջ է, և լույսի տարածքներում որոնելն ու գտնելը բավական դժվար է, մանավանդ կինոյում: Ի վերջո, ի՞նչ է լույսը: Կյանքի հիմնական շարժիչ ուժն է: Լույսը որտեղի՞ց է գալիս: Այնտեղից… Այնտեղ ո՞վ կա՝ Աստված…

Комментарии

Popular Posts