К основному контенту

Избранные

Ներկրված թշնամի

Ստորև ներկայացված են մինչ օրս հայերենում ակտիվորեն գործածվող թուրքական ծագում ունեցող բառեր, որոնցից մի քանիսը պարզ պատճառով չեն հրապարակվել: Հալալ- թույլատրելի Քյոմուր- կեղտոտ Տախտակ Գյոռբագյոռ- գերեզմանի մեջ շուռ գալ Դոշ- կրծքավանդակ Բաղ- այգի Բաղչա- այգի Շուխուր- կռիվ Քյաֆթառ- ծեր Չոբան-հովիվ Չիբան- գոյացություն մաշկի վրա Խիյար- վարունգ Արաղ- օղի Չանգյալ- պատառաքաղ Ամա~ն- բացականչություն Վախտ- որևէ ժամանակ Սըհաթ- ժամ Դորջար, դուլջար Յորղան- վերմակ Քյար- օգուտ Թոփալ- կաղ Քյոռ- կույր Քյառ- խուլ Փայ- բաժին Քյոռփա- երեխա Գյադա- վատ վարքագծով տղա Ջադու- ծեր կին Բոխչա- ոչխար Դարդ- տխուր լուր Ջահանդամ- դժոխք Հարամ- մեղք Պանդիր- պանիր Չանախ- կոնք Խորոզ- հոտի ավագ այծ Ջեյրան- եղնիկ Ախմախ- հիմար Թարախ- թարախային գոյացություն Յոլա- մի կերպ ապրել Յալլա- գնացինք (գնալ) Հելա- այնտեղ է Շիշ- շամփուր Հալ- վիճակ Խալ Գյորմամիշ- ագահ Զադ (հարամ զադա) Խանչալ- սուր Ղայիշ- գոտի Յափնջի Փալաս- էժանագին խալի Խալի- թանկարժեք խալի Խալիչա- պատին կախելու խա...

«Դեղին Իկարուսը»


«Դեղին Իկարուսը»
(մի քիչ իրական, մի քիչ էլ երևակայական)
                  Ցուրտ ու մութ տարիներ։ Երևան: Ձմեռ։  Պատանի էի․․․ Հիմա չեմ հիշում, թե այդ օրն ուր էի շտապում։ Կանգառում բյուր քաղաքացիների հետ կանգնած, նկատեցի հեռվից մոտեցող դեֆորմացված և աջ կողքի թեքված, ցեխախառը դեղին գույնի մի դժբախտ «Իկարուս»:  Դռներից կառչած ուղևորների դեմքերին առայժմ զվարթ ժպիտ էր փայլում: Պահի երջանկության ժպիտն էր։
            Հրհրոց սկսվեց։ Մի երկու հոգի բողոքելով և իրար հրելով մի կերպ կարողացան իջնել ավտոբուսից ու քաշելով հանել իրենց պայուսակները՝ դռներից կախված ուղևորների արանքից։  Ուժի զոռով խցկվեցի նրանց արանքն ու ես էլ  ընկա բուռն հրհրոցների տարափի մեջ: Ամենուրեք լսվում էին. «Մի՛ հրեք, յա՜», «Առաջանալու տեղ չկա՞»,  «Այ տղա, դե մի սանտի է՛լ առաջ գնա, էլի…», «Ժողովու՛րդ, թողեք էս մարդն իջնի», և այլ բացականչություներ: Թվում էր, որ թեքված ավտոբուսն ուր որ էր կպայթեր։  Բոլորը կիպ կպել էին իրար: Հրում էին ով ինչպես կարող էր:  Բայց ամենից  շատ չարչարվում էին դռներից կախվածները նրանց միակ հույսն իրենց կոնքերն էին:  Որքան ուժեղ հրեին, այնքան շատ կառաջանային՝ դիմացի մի քանի հոգու շնչարգելման ու նեղվածքի հաշվին: Ինձ  մի ուժեղ կին այնպես հրեց, որ թոքերս կրցքավանդակից վեր բարձրացան:
            Շարժվեցինք: Տոթ էր, շնչելը՝ ծանր: Ուժեր գործադրելով, հաջողվեց ոտքերիս թաթերի վրա կանգնել առաջնամասի դռների ետևում` ոտքերը դնելու փոքրիկ հարթակի վրա: Բռնվեցի կողքի ձողից և ազդրերով հենվեցի փոքրիկ պատնեշին: Դիմացս իրենցից գոհ նստածներն էին, աջ կողմում՝  կանգնածները:  Երկու տեղանոց նստարանին երեք ու կես հոգով էին նստել: Դրա համար էլ նստարանները ծռվում էին ու թուլանում:  Շատ տոթ էր։  Լուսամուտները քրտնել էին և մնում էր միայն նայել ուևորներին: Օդանցքը բաց էր: Մի մարդ կանգնած տեղը քուն էր մտել։ Տաք տեղ էր գտել: Չեմ կարող չասել, բայց ավտոբուսը բուրում էր այդքան կիպ սեղմված մարդկանց տարբեր հոտերով :
            Կանգ առանք:  Ուղևորներն անընդհատ ինչ-որ բաներ էին մրմնջում։ Հետևի կանգնածներից մի քանիսը կարծես ծանոթացել էին միմյանց հետ ու ինչ-որ մեխանիկական մասերի մասին էին խոսում։  Նրանցից մեկը  բարձր ծիծաղեց։ Անեկդոտ էին պատմել․․․ Կանայք, ամոթխած ժպտացին՝ զսպելով իրենց ծիծաղը: Հանկարծ ետևում կանգնածներից մեկը բղավեց.
- Վարո΄րդ, էդ հետևդ  փակի΄ ու նորի΄ց բաց արա:
- Վարպե΄տ, ասում են հետևը բացեք, - լսվեց մյուսի ձայնը...
- Բաց`ա, բաց, - լսվեց հայելու մեջ խոսող վարորդի խռպոտ ձայնը:
- Էս տղեն ոտքը չի կարողանում հանի։ Փակի՛, նորից բաց արա։
-  Տղա ջան, մի հատ ձեռդ գցի, էդ լյուկը փակի,- խիստ ասաց վարորդը։
- Վարպետ ջան, բա էս ուսերիս նստած հայրիկը գլուխն ու՞ր մտցնի, - լսվեց տղամարդու մի ձայն։ Ակամայից բոլորը զարմացած նայեցին նրա կողմ։ Մյուսները պարզ պատճառով չկարողացան շրջվել։  
- Ես ի՞նչ իմանամ՝ ուր մտցնի: Երեկ գիտե՞ս քանի հոգի էդ լյուկերով  դուրս եկան ու առանց վճարելու փախան, - գանգատվեց վարորդը։ Հետո գոռգռաց  մի տատիկի վրա, - Մեծ կի՛ն ես, չե՞ս ամաչում, էդ 45 թվի ուսանողական տո՞մսդ ես ինձ ցույց տալիս: Մուծե՛ք փողը, էլի՜․․․
            Բոլորն ակամայից սկսեցին արդարացնել կամ քննադատել տատիկին ու վարորդին:  Հանկարծ երեխայի լացի ձայն լսվեց:
-Բալիկ  ջան, որտե՞ղ ես, կանգնիր տեսնեմ: Չե՞ս կարողանում ... լա΄վ, մի΄ լացիր:
Բայց  երեխան շարունակ լաց էր լինում
- Ձյաձյա՜... պայուսյակս կորել ա՜... մամաս կծեծի...
Ավտոբուսի մյուս ծայրից մեկը, թե, - Ժողովուրդ ջան, նայե՛ք, ձեր ոտքերի տակ պայուսյակ կա՞:
-Ի՞նչ... պայուսա՞կ, - լսվեցին շշուկները։
Մեջտեղում կանգնած մի երիտասարդ տղամարդ սկսեց ոտքերով  շոշափել հատակը՝ հույս ունենալով, որ կգտնի երեխայի պայուսակը։
-Հա, հա, ոտքիս տակ կարծես մի փափուկ բան կա,- ուրախ բացականչեց նա։
Այդ պահին մի շպարված ու փարթամ կին շրջվեց ու բարձրաձայն, ավտոբուսով մեկ ծվծվաց երիտասարդի վրա
-Լսի՛ր, տղա՛, հերի՛ք է, հա, էդ ցեխոտ ոտքերով մուշտակս տրորես, յա՛:
ազար ներողություն, տիկին․․․ ես ուղակի կարծեցի ..., - արդարացավ երիտասարդ տղամարդը։
-Էստեղ մի տետր կա ... հա՛, հա՛, տեսնում եմ, բայց վերցնել չի լինում, - ասաց մեկ այլ տղամարդ։
-Վա՜յ, ա՛յ տիկին, հերի՛ք չէ՞  անընդհատ հրեք։ Մարդ ենք, չէ՞։
-Տղա ջան, բայց քեզ ո՞վ է հրում, - շեղ նայելով ասաց գեր տիկինը։
- Դու՛ք։
- Տղա ջան, ես չեմ հրում։ Ես շնչում եմ։ 
Այս ամենին զուգահեռ մի տարեց մարդ զայրացած բղավեց ինչ-որ մեկի վրա:
-Այ լակո՛տ, ինչի՞ ես էդ  նստարանները պլոկում: Արի ստե՛ղ, գլուխդ մոտ բեր, մի հատ ականջներդ ոլորեմ, որ իմանաս...
Ու սկսվե՜ց ՝  «Ճիշտ է ասում», «Դաստիարակությունից է», «Էս ջահելները մենակ վնասել գիտեն, հո օգուտ չեն տա» քննադատությունների շարքը։
Կանգառ։  Ցրտից կուչ եկած ահագին քաղաքացիներ սպաում էին ավտոբուսին։  Նրա հայտնվելը երջանկություն էր։ Տուն հասնելու փափագով լցված, նրանք հարձակվեցին խեղճ ավտաբուսի վրա ու սկսեցին ճոճել այն։ Սառած, քաղցած մարդկանցից յուրաքանչյուրն ամեն կերպ ջանում էր խցկվել, կախվել դռներից, նույնիսկ կառչել կախվածներից: Ավտոբուսը շարունակ ճոճվում էր։ Դռներից կախվածները սկսեցին վիճել նրանց հետ, որպեսզի  հանգիստ թողնեն իրենց: Ներսի նստածներն էլ, իրենց տաքուկ տեղերում սրբում էին քրտնած ապակիներն ու «ծ...ծ...ծ...» անում: 
- Վարպետ, քշեք՝ գնանք, վա՜յ։ Ավտոբուսը շուռ կտան, ախր:
- Վարպետ, քշի՛:
- Ի՞նչ եք մտածում ... 
            Հանկարծ հետևից մի աղեկտուր ճիչ լսվեց.
- Վա՛խ, մամա՛ ջան, ձե՛ռքս,  ձե՛ռքս  ջարդեցի՛ք։ Վա՛խ, թողեք իջնեմ, սպասե՛ք, վարպե՛տ...
            Բայց  էլ ի՞նչ  սպասել, ի՞նչ վարպետ, ի՞նչ բան... ավտոբուսը թափով սլացավ:  Մի պահ վախեցա, որովհետև արագությունն իրոք վտանգավոր էր։ էլ չեմ ասում, որ ճանապարհները սառած էին: Վարորդը զայրացել էր:  Ավտոբուսը թեքվեց դեպի աջ ու դռներից կախվածների ոտքերն ու հետույքները մի պահ քսվեցին սառույցին: Բոլորը տագնապեցին: Հանկարծ լսվեց վարորդի հրամանը.
-Ժողովու՛րդ,  շու՛ռ ենք գալիս, բոլորդ հավաքվեք ձախ կողմ։ Արա՛գ: Ձախ կողմ գցվեք։
Տագնապած ուղևորներն ակամայից ենթարկվեցին վարորդի հրամանին և ով ինչպես կարող էր իրեն սեղմեց դեպի ձախ։ Վարորդն ինքն էլ մեծ ուժ գործադրելով և ի ցույց հանելով բերանի ոսկե ատամնաշարը, ղեկավարում էր համարյա չենթարկվող ավտոբուսի ընթացքը:
-Լա՛վ է, լա՛վ ... Ապրե՛ք... Մի քի՛չ էլ...
Ավտոբուսը կատարեց հաջորդ շրջադարձը։ Դռներից կախվածները նորից հետույքներով դիպան սառած ասֆալտին ու բարձր – բարձր բողոքեցին։
Ավտոբուսը շարունակ սլանում էր։ Այդ պահին վարորդի մոտ կանգնած մի տղամարդ  գլուխը վեր բարձրացրեց, ուղղեց ակնոցն ու ճարտասանի պես հայտարարեց.
-Սիրելի՛ ժողովո՛ւրդ, ես ուզում եմ մի հայտարարություն անել։ Խնդրում եմ, խուճապի չմատնվեք: Մենք մեր պատմության քառուղիներում երբեք չենք վհատվել ու հիմա էլ, այո, հիմա նույնպես չպետք է նեղսրտենք։
- Դե ասելիքդ ասա, էլի՜․․․
- Թողեք, մարդը բան է ուզում ասի։
- Հա, հետո՞, ախպեր ջան։ Ասա, մենք չենք վհատվի։
- Շնորհակալ եմ, ժողովուրդ։ Ուրեմն այն ինչ պիտի ասեմ չափազանց կարևոր է, որովհետև․․․որովհետև․․․ որովհետև․․․
- Որովհետև՝ ի՞նչ, այ մարդ։
- Դե ասա, էլի՜, մորթեցիր։
- Սիրելի ժողովուրդ, խուճապի չմատնվեք։ Ոչինչ այնքան էլ վատ չէ, պարզապես վարորդն անհետացել է:
-Ի՞նչ ասեց։
- Ասում է, իբր վարորդն է անհետացել։
- Խելառ է՞։
- Էդ ինչե՞ր է ասում։
Այդ խոսքի վրա, ակնոցավոր տղամարդու կողքին կանգնած մի կին իսկույն շրջվեց ու նայեց վարորդի կողմ։ Վարորդի նստատեղն իսկապես դատարկ էր, իսկ ղեկն ինքն իրեն այս ու այն կողմ էր լինում։  Կինը նորից նայեց և աղեկտուր ճչաց։
- Չկաաաաա․․․ - Ճչաց և ընդհանուր թոհուբոհի մեջ ուշաթափ եղավ։ Նա առանց վայր ընկնելու մնաց սեղմված կանգնած ուղևորների արանքում։ 
-Սպասե՛ք, սիրելի ուևորներ, հայրենակիցներ։ Սպասե՛ք, խնդրում եմ։ Խուճապի մի՛ մատնվեք։ Ես կփոխարինե՛մ նրան․․․ ես կփոխարինե՛մ վարորդին: Հանգի՛ստ, հանգի՛ստ եղեք: Խնդրում եմ, պահեք պայուսակս։ Զգույշ։ Ահա... շնորհակալություն... հիմա, հիմա:  Ահ... ահա, ակնոցս ուղղեմ։ Սրբել է պետք։ Ներեցեք․․․թաշկինակս։ Որտե՞ղ է թաշկինակս։ Հիմա, հիմա սրբեմ... ահա, մի վախեցեք... Վերջ, պատրաստ եմ։ Արդեն պատրաստ եմ։ Չվահտվե՜ս, իմ վեհ ուղևոր։
            Ըստ երևույթին նա բանասեր էր։ Այսպիսով, բանասերը նստեց ղեկի դիմաց: Բոլորը սպասում էին, թե ինչ է լինելու։ Բանասերն այնպես էր բռնել ղեկը, որ թվում էր ուր որ է կպոկի այն։ Ոտքերով գտավ արգելակն ու սեղմեց։ Ավտոբուսի ուղևորները կտրուկ թափվեցին մեկը մյուսի վրա։ Բոլորը, իրար սեղմվելով, գոռացին։ Այդ պահին ավտոբուսը սառույցի վրա երկար սահելով կորագիծ կատարեց՝ չորս կողմից խույս տվող և ազդարարող մեքենաների միջով, որոնց միջից վայրկյանական երևացին վախից չռված վարորդների աչքերն ու օդ թողած հայհոյանքների առաջին երկու վանկերը։  Աստիճանաբար ավտոբուսի թափն ահագին կոտրվեց։ Բանասերը մի քանի անգամ սեղմեց ազդակին։ Ով ուշաթափվել էր, իսկույն ուշքի եկավ: Ծափահարեցին ու բոլոր տեղերից լսվեցին «Ապրե՛ս», «Հերո՛ս», «Փրկի՛չ», «Փրկե՛ց մեզ», «Աստվա՛ծ իմ» և այլ նմանատիպ հուզախառն բացականչություններ։
Այս ընթացքում ավտոբուսի հետևից շարունակ մի տղամարդ էր վազում։ Ընկել էր փողոցի մեջտեղն ու խզված ձայնով ինչ-որ բան գոռալով վազում ու վազում էր։ Քանի որ երեկո էր , լավ չէր երևում, թե ով էր։ Վերջին դռներից կառչած սառածներից մեկը հեգնորեն ձայն տվեց ավտոբուսի հետևից վազողին․
- Սիրտդ կկանգնի, այ մարդ։ Ինչի՞ ես էդքան վազում։
Վազողը մոտավորապես տասը մետր հետ էր ավտոբուսից։ Նա կատաղած արագացրեց վազքը և մի փոքր էլ մոտեցավ ավտոբուսին, բայց մեկ է չէր կարողանում հասնել նրան։ Նա մեծ դժվարությամբ կարողացավ երկու բառ շպրտել դռնից կառչածին։
- Էսա քո սիրտը․․․ կկանգնի։
- Իմ սիրտը ինչի՞ պիտի կանգնի, - հեգնեց սառած կառչածը։

- Ես․․ ես․․․ ես․․․ ես․․․ վա․․․վա․․․վա․․․վարորդն եմ։
  Բոթն իսկույն տարածվեց ավտոբուսի ներսում․ 
- Ի՞նչ։ Չե՛մ  լսում։ Բա՛րձր ասեք։
- Ասում եմ, ավտոբուսի հետևից մարդ է վազում։
- Վտանգավոր է, ախր։
- Բայց ինչի՞ համար է վազում։
           Բոլորը գլուխները ձգեցին վեր, որպեսզի տեսնեն, թե այս անգամ ինչ է պատահել, բայց չկարողացան։  Նորից սկսեցին մրմնջալ, կարծիքներ հայտնել, վիճել: Երեք-չորս հոգի վաղուց տաք-տաք քնել էին ` անտեղյակ այս ամենից:
-Վարո՛րդն է, ժողովուրդ։
-Ասում է վարորդն է, վարորդը։
-Վարորդը՞։
- Ո՞նց թե վարորդն է։
- Ո՞նց։
- Վարորդը՞․․․
- Աաա՜հ․․․ - գոչեց մի կին ու էլի կանգնած ուշագնաց եղավ։
- Հա, հա՛, ինքն է։
- Ասում են․․․
- Վազու՞մ է։
Բայց․․․
․․․ Բանասերն արգելակեց կանգառում և ավտոբուսը վերջապես կանգ առավ։ Կանգառում հավաքվածները արագ-արագ մոտեցան դռներին ու փորձում էին մի կերպ խցկվել ավտոբուսի մեջ։ Կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Կարմրած դեմքով ու շնչակտուր վարորդն անմարդկային ձայնով բոռալով հասավ իր հարազատ ավտոբուսին ու բոլորին աջ ու ձախ հրելով մոտեցավ դիմացի դռներին: Նա հևիհև, աչքերը չռած հարցրեց դիմացի դռներից կախվածներին․
- Տղերք, առանց վճարելու հո մարդ-մուրդ չի՞ իջել:
Դռներից կախվածներն այնպես էին սառել, որ պատասխանելու սիրտ չունեին։ Եվ ընդհանրապես իրենց համար վաղուց ամեն ինչ մեկ էր։ Նրանցից միայն մեկը դողդղացնելով տարավ բերեց գլուխը և վարորդը նրանց մեկ-մեկ իջեցնելով՝  մտավ ներս։
Բանասերը վարորդին տեսնելով, իսկույն ոտքի ելավ, ուղղեց վերարկուն, գլխարկն ու ակնոցը և դիմեց նրան
-Սիրելի վարորդ, այժմ ղեկը ձերն է, դուք էլ, ինչպես ասում են, նրանը։
-Էդ քեզ ո՞վ թողեց, որ գաս նստես ղեկին, որ մի հատ էլ ․․․ Իջի ցա՛ծ,- բարկացավ վեհերոտ վարորդը։
- Վիրավորում եք, այ։ - Մի փոքր նեղացած ասաց բանասերը։
- Դու շոֆե՞ռ ես, որ նստել ես ղեկի մոտ։
- Ոչ, ես բանասեր եմ, - ասաց փրկիչն ու ձեռքը ձեռնոցից հանելով, ուղղեց ոսկեատամ վարորդին, - Գենադի։
Վարորդը բանասերի հետ ծանոթանալու ցանկություն չունեցավ ու նրան թեթև մի կողմ հրեց։
- Հենո։
Ուղևորներից ամենատարեցը ճզմվելով մի եկու քայլ առաջ եկավ ու բարակ, խզված ձայնով բղավեց վարորդի վրա։
- Դուք չե՞ք ամաչում։  Էդ տղեն որ չլիներ, բոլորս հիմա էն աշխարհում կլինեինք։  
- Քեռի ջա՜ն, ինչի՞ ես ջղայնանում։ Բան էր, ասեցի։ Դու գնա նստի մի տեղ, մինչև իջնես։ Գնա, գնա։
- Չհամարձակվե՛ս։ Պադլեց։ Էդ տղեն գիտնական է ու հերոս։ Եղա՞վ։ Ստալինը կենդանի լիներ, հիմա նրան քաղաքի կենտրոնում երեք սենյականոց կվարտիրա կտար։ Իսկ դու՜․․․ Թու, հա․․․
- Ճիշտ ա ասում։ Ճիշտ ես, հայրիկ ջան, - լսվեց տարբեր կողմերից։  
Վերջապես շարժվեցինք, բայց եղած-կատարվածի ճիշտ ու սխալի մասին մարդիկ դեռ երկար էին գվգվում։ Բանասերն էլ, քրտնած ակնոցն աընընդհատ սրբելով դնում էր աչքերին ու համեստաբար ժպտում ամեն իրեն ուղղված հայացքին ի պատասխան։ 

                Հանկարծ զգացի, որ ինչ - որ մեկի ձեռքը, ժրաջան կերպով ուսումնասիրում է ոտքերս ու մարնի այլ մասերը: Սա ի՞նչ էր։ Մի երկու կտրուկ շարժում արեցի, որպեսզի դադարեն դա անել։ Սա ի՞նչ է, ո՞վ է, - մտածեցի ու փորձեցի շրջվել, որ տեսնեմ, բայց չստացվեց:  Անհանգիստ աջ ու ձախ  թեքվեցի: Ուղևորներն էլ նկատեցին, որ ինչ-որ բան է հետս կատարվում: Լավ, – մտածեցի, - չե՞ք տեսնում, որ բռնվելու տեղ չկա, ինչու՞ եք ձեր ձեռքերն էս կողմ - էն կողմ գցում... Նորի՛ց շարունակվեց...
Նորից ջանացի շրջվել, բայց էլի չհաջողվեց․ ավտոբուսի բաց դուռն ուղիղ իմ թիկունքում էր։
- Կհանե՞ք ձեր ձեռքը։ Ուրիշ տեղից բռնվեք։ Լսու՞մ եք, - ասացի։
 Ոչ մի օգուտ: Կանգնած ուղևորները, ոչինչ չհասկանալով, զարմացած նայում էին երեսիս:  Ավտոբուսի վերջում  նորից մի կին սկսեց բղավել ինչ-որ մեկի վրա.
-Այլանդա՛կ, խուժա՛ն, այլասերվածի մեկը, հեռու կանգնի՛ր, հիմա՛ր, սրան տեսեք...
-Բայց ես ի՞նչ անեմ այ տիկին ջան, հրու՛մ են, - արդարացավ տղան։
-Ապու՛շ, բա էդ ձեռքով ի՞նչ էիր անում, հը՞... Խուժա՛ն։ Հրու՞մ են: Հիմա էնպես կհրեմ, որ... Սպասի՛ր: Վարո՛րդ, վարո՛րդ, կանգնեցրե՛ք ավտոբուսը, կանգնեցրե՛ք, ասում եմ: Չի՞ լսում։ Ապո՛ւշ, դու ինձ հետ իջնելու՛ ես, իմացա՛ծ եղիր...
-Բայց ... ես ախր ոչ մի նման բան ...
-Դե ձա՛յնդ, լկտի՛ :
Այս ամենն այնքան հետաքրքրեց ինձ, որ թաթերիս վրա կանգնեցի, տեսնելու, թե այդ ինչ կին էր, տղան ով էր... մեկ էլ հանկարծ, այդ պահին չարաբաստիկ ձեռքը ոտքերիս կիպ արանքով, վեր ձգվեց և ամուր բռնեց ձողը: Սա տեսնելուն պես ուղևորները պայթեցին ծիծաղից: Ծիծաղում են ու չեն հանգստանում: Դա տեսնելով, ամոթից կարմրած ու նյարդայնացած նման գռեհիկ իրավիճակից, բարձրաձայն բողոքեցի,
-Լսե՛ք, ո՞վ եք, անմիջապես հանեք ձեր ձեռքը։  Ի՞նչ  եք անում:
Տատիկի ձեռք էր՝ մի  էժանագին կարմիր քարով մատանին մատին: Խայտառակվեցի:  Հետո փորձեցի բացել տատիկի ձեռքը: Ջլապինդ։ Մինչև ես բացում էի մի մատը, նա ավելի ամուր բռնվում էր մյուսներով... Ոտքերս հոգնել էին նույն դիրքով երկար մնալուց։ Ի՞նչ անեի... Ամբողջ ճամփան դար ու փոս էր և շատ դժվար էր դիմանալ: Շուտով պիտի իջնեի այդ բաղձալի քաղաքային տրանսպորտից։
            Մոտեցանք կանգառին: Կողքիս նիրհած տղամարդուն խնդրեցի, որ փոխանցի աստիճաններից կառչած տատիկին, որպեսզի վերջինս հանի իր ձեռքը և որպեսզի ես կարողանամ իջնեմ: Սա էլ կիսաքուն նորից հարցրեց, թե.
-Հը՞...
-Ասում եմ, փոխանցեք ներքևում կանգնած տատիկին, որ...
-Ի՞նչ տատիկ, տղա ջան, - ասաց,- ու՞ր է տատիկ:
-Ներքևում, ներքևի տատիկին ասեք, խնդրում եմ, որ․․․
Ավտոբուսը շարժվեց:
- Վարո՛րդ, պահե՛ք, պահե՛ք, իջնող կա,- բղավում եմ:  Բայց անեկդոտասեր վարորդը ո՛չ լսեց, ո՛չ էլ... Նա ոսկե ատամնաշարը բացած, կողքի կանգնած ուղևորներին անեկդոտներ էր պատմում ու ինքն էլ  իր պատմածից հրճվելով՝ հռհռում:
            Արդեն ու՛շ էր...
           

                                           Դավիթ Հարությունյան 2000  թ. Երևան


Комментарии

Popular Posts