ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում,- փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:
-Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը,-
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
Թողել ենք այնտեղ կի՞ն-աստվածային, սե՞ր-երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:
Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,
Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:
Դու տենչացել ես լույս - ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-
Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:
Ո՜հ, կնոջ մարմի՛ն, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:
Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:
Ո՛վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:
Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա,-
Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից, և անիծում եմ երկունքը նրա:
Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի:
Սրիկա է նա ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:
-Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ,-
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:
Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:
Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա,
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա:
Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:
Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:
Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:
Եվ Աբու-Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:
Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսում թողած-լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:
Комментарии
Отправить комментарий