Հիանալի հիշում եմ լավ ու վատ իննսունականների սկզբներին ընկերներից, հարևաններից կամ բարեկամներից ձեռք բերվող սովետական «Электроника» վիդեոմագնիտոֆոնները։ Ինչպես էինք ոգևորվում ու հավաքվում այդ ծանր երկաթագույն սարքի շուրջ։ Սովետական ժամանակներում գրեթե բոլոր էլեկտրոնային սարքերը կոչվում էին «Электроника»: Նույնիսկ նորաձև մետաղյա ժամացույցներն էին կոչվում «Электроника»․ Կային նաև «Электрон», «Электа» և այլ նման անվանումներ․․․ Բայց «Орск» սառնարանին մեկ է ոչինչ մինչ օրս չի հասնի։ Սովետական տեխնիկայի հրաշքների մասին հետո կխոսենք, մանավանդ երբ «Электроника»-ն ծամում ու փչացնում էր ուրիշների VHS կասետները։
Ձեռնամարտով և տարբեր արևելյան մարզաձևերով պարապելու ցեցը մեր ջանն ընկավ շնորհիվ հենց այդ «Электроника»-ի։ Մալուխով միացնում էինք սովետական մակնիշի «Славутич», «Витязь», «Рубин-714» կամ «Горизонт» հեռուստացույցին ու գամվում մեր տեղերում։ Ակնապիշ, կարծես հիպնոսի ազդեցության տակ նայում էինք այդ թվերին աղմուկ հանած մարտաֆիլմերը, որտեղ խաում էին հոլիվուդյան և արևելյան մարտարվեստների վարպետ-դերասանները։
Բոլորս տոգորված էինք անասելի ձգտումով, որ մենք նույնպես պիտի գիշեր-ցերեկ պարապենք ու դառնանք նրանց նման։ Վարակվել էինք նրանց հերոսականությամբ։ Մի ֆիլմը դիտում էինք մի քանի անգամ, հետո անվերջ վերլուծում այն, վիճում, թե իրականում որ հնարքներն էին ըստ մեզ սուտ և որոնք խելքին մոտ և այլն։ Ապրում էինք՝ մեր կուռքերին նվիրված ու նրանց պոստեռները մեր սենյակների պատերին զետեղած։
Հետո մեզնից ոմանք, այդ թվում նաև ես սկսեցինք հաճախել արևելյան մարտարվեստների պարապմունքներին։ Այն ժամանակ գրեթե բոլոր քաղաքներում արդեն նմանօրինակ մարզախմբերը տարածում էին գտել։ Օրեկան նոր կապտուկներով, հոգնած գնում էինք տուն ու նորից այստեղից ու այնտեղից գտնում նոր ֆիլմեր, որտեղ նկարահանվել էին Չակ Նորիսը, Բրյուս Լին, Ջեքի Չանը, Սթիվեն Սիգալը, Բոլո Յանգը, վան Դամը, Ստալլոնեն ու Շվարցենեգերը, Դոլֆ Լունդգրենը, Մայքլ Դուդիկոֆֆը, հետագայում էլ Մարկ Դակասկոսը և ուրիշները։
Մի օր թաղի փոքրերից մեկը ամերիկացի անվանի մարզիկ ու դերասան Չակ Նորիսին անվանեց «չաղ լորիկ» ու ծաղրելով դերասանին, մի քիչ էլ, իհարկե մեզ, փախավ։ Վիրավորվել էինք․․․ Ինչպե՞ս կարելի էր ծաղրել մեր կուռքին։ Պատանի տարիներին հատուկ միամիտ ոգևորությունն ու նվիրումը ծառայում էին հասնելու մեր մաքուր երազանքներին։ Պարապմունքները դժվար էին, բայց հետաքրքիր։ Պարապմունքի ժամանակ անընդհատ զուգամարտեր էին անցկացվում, հետո խմբակային մարտեր, նոր կատաներ (ցուցադրական վարժանքների շարք), իսկ հետո մրցումներ։ Հիմա գուցե այս ամենը զավեշտալի է, բայց այն ժամանակ փորձում էինք կրկնել էկրանից տեսած հնարքներն ու հարվածների գեղեցկությունը։ Շատերս տանը կամ որևէ այլ տեղ լրացուցիչ փորձում էինք պարապել այսինչ ֆիլմի հերոսի պարապմունքների պես։
Հաճախ վեճի էինք բռնվում, թե իրականում ով է ավելի հմուտ և ուժեղ՝ Բրյու՞սը, Չակ Նորի՞սը, թե՞ Յանգը կամ օրինակ Ստալլոնե՞ն, թե՞ Առնոլդը։
Այն ժամանակ մեր սերնդի հերոսները նրանք էին՝ իրենց ջանքերով, իրենց մարտարվեստներով, բազում վնասվածքներ ստացած ու երկարամյա տառապալից աշխատանքով համաշխարհային ճանաչում ստացած դերասաններ, որոնց անելիքը էկրաններում մեկն էր՝ դրական հերոսի թող որ ամենապարզ մատուցումը։
Իմ առաջին, սև կիմոնոն
Комментарии
Отправить комментарий